Հիշողության պուրակ. ապրիլի 22-ին
April 21, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ
Ինչպես նշում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, երեկ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կայացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքը:
Ի խոնարհումն 1915 թվականի մեր նահատակների հիշատակի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ապրիլի 22-ին` Երկրի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում հիմնում է «Հիշողության պուրակ»: Հիմնադրամի նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանից բերված 95 և ավելի տնկիներով պուրակը պատմական հայրենիքը հիշեցնող մի փոքրիկ խորհրդաշական վայր կդառնա:
Ապրիլի 22-ի ծառատունկին կմասնակցեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ծառատունկին կմասնակցեն նաև բազմաթիվ հյուրեր, ովքեր Հայաստան են ժամանում ապրիլի 22-ին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին կփակցնի «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեն:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հիմնադրամի ջանքերով ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն, որի մի զգալի մասը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Գրքերի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև անհատներ և առանձին կազմակերպություններ: Դրանք արժեքավոր գրքեր են մասնավոր հավաքածուներից` հիմնականում այլազգի հեղինակների փաստագրական արժեքավոր վկայություններ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, Երկրի օրը Ծիծեռնակաբերդում Արևմտյան Հայաստանից բերված 95 ծառ տնկելու նպատակը սերունդների գիտակցության մեջ ցեղասպանության հիշողությունը կենդանի պահելն է: Միևնույն ժամանակ` երկրով մեկ ծառատունկի կազմակերպումը և դրանում երիտասարդության ներգրավումը միտված են ապագա սերունդների համար հայրենիքում առողջ միջավայր ապահովելուն: Այն արժեքավոր գիտական աշխատությունները, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխանցում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, նպատակ ունեն իրազեկելու մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին:
Նյութի դիտումների քանակը` 632




