Ծաղաձորյան «Առանց փողկապների հանդիպում» ֆորում 2010
July 23, 2010 | Բաժիններ` Վերահրապարակումներ
Մի քանի օր առաջ Ծաղկաձորում տեղի ունեցավ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդների «Առանց փողկապների հանդիպում» ֆորումը՝ նվիրված կրթության խնդիրներին: Ֆորումին մասնակցում էին բիզնես-հատվածի և կրթական համակարգի ներկայացուցիչները: Համենայն դեպս այդպես էին հայտարարել միջոցառման կազմակերպիչները:
Սա ՏՏ ոլորտի առաջնորդների առաջին հանդիպումը չէր: ՏՏ ոլորտի ղեկավարների առանց փողկապի հանդիպումները տարբեր թեմաներով անցկացվում են ամիսը 2-3 անգամ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախաձեռնությամբ և ոլորտի ներկայացուցիչների ու իրավասու նախարարների մասնակցությամբ: «Առանց փողկապների» հանդիպումները սովորաբար տարբերվում են արդյունավետությամբ և բանավեճերի բովանդակալից լինելով:
ՏՏ ոլորտի ղեկավարների՝ նախորդ տարի կայացած ֆորումի արդյունքներով ստեղծվեց ՏՏ-ոլորտում կրթության հարցերի քննարկման հանձնաժողով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի հիմնական նպատակն է մշակել կրթական ոլորտին վերաբերող հիմնական ուղղություններն ու առաջարկները, այդ թվում նաև լուծել գոյություն ունեցող խնդիրները:
Սակայն Ծաղկաձորում հունիսի 12-13-ը կայացած հանդիպմանը, որը նվիրված էր տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների կրթության հարցերին, ներկա չէին ոչ կրթության և գիտության նախարարը, ոչ էլ ոլորտի ներկայացուցիչները:
Որոշվեց առաջին սեմինարը սկսել առանց ԿԳ նախարարության պաշտոնյաների, սակայն հույս կար, որ նրանք պարզապես ուշանում են: Մասնակիցները մեկը մյուսի հետևից ներկայացնում էին ոլորտի խնդիրները, չնայած որ հասկանում էին, որ առանց երկրորդ կողմի բանավեճը չի ստացվի:
Շուտով ֆորումի մասնակիցները ստիպված էին համակերպվել այն փաստի հետ, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչները պարզապես անտեսել են հայկական հասարակության համար իսկապես կարևոր խնդիրների քննարկումը:
Ընկերությունների վրդովված ղեկավարները սկսեցին հիշել նախարարության անցյալ և ներկա մեղքերը՝ փորձելով ձայնակոխ անել միմյանց, նմանվելով դպրոցականների և ուսանողների զայրացած ծնողների, ովքեր զրկվել են լավ կրթություն ստանալու հնարավորությունից:
Ֆորումն աստիճանաբար վերածվեց ծնողական մեծ ժողովի՝ լի վրդովմունքով և քննադատությամբ, և, ավաղ, առանց պատասխանող կողմի ներկայության: Մասնակիցները քննադատում էին կրթական համակարգը՝ չամաչելով արտահայտվել և անխնա տալով կոնկրետ անձանց անունները: «Սա ծաղրանք է, որտե՞ղ են Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները», – վրդովվում էր «GNC ALFA» ընկերության ներկայացուցիչ Ավետիք Քալանթարյանը:
Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը իր կրակոտ ելույթը սկսում էր հետևյալ խոսքերով. «Մոռանանք, թե ինչ պաշտոն եմ զբաղեցնում: Ես հիմա ելույթ եմ ունենում որպես ծնող»: Բոլորը հերթով դժգոհում էին ուսանողների շրջանում մոտիվացիայից, սովորելու ցանկության բացակայությունից, հանուն դիպլոմի սովորելու փաստից, կոռուպցիայից, դասախոսների անտեղյակությունից, բուհերում գիտատեխնիկական բազայի բացակայությունից:
Կրքերն այնպես բորբոքվեցին, որ ակամայից անհանգստություն առաջացավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար, ով, այնուամենայնիվ, այդպես էլ չեկավ:
Ելույթ ունեցողների դժգոհությունները հիմնավորված և հասկանալի էին բոլորին. սա նույնիսկ բանավեճ չէր, այլ կոլեկտիվ դիմում-բողոք: Սակայն հասցեատերերի բացակայությունն ինքնին քննարկումն անիմաստ դարձրեց, և արդեն օրվա երկրորդ կեսին ֆորումի մասնակիցները սկսեցին աստիճանաբար պակասել:
Արդեն Երևանում UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ կրթության ոլորտի համար պատասխանատու որոշ անձինք գերադասեցին մասնակցել կարճաժամկետ նախագծերի, մասնավորապես՝ ՄՊՔ-ների հանձնմանը, քան ավելի երկարաժամկետ նախագծերի, ինչպիսին են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից անցկացվող քննարկումները:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարևոր է ոչ թե նրանց մասնակցությունը քննարկումներին, այլ այն, որ ՏՏ ոլորտի հիմնական մասնակիցներն ու ներկայացուցիչները կարողացան կենտրոնանալ մեկ խնդրի վրա և ներկայացնել իրենց առաջարկները կառավարությանը», – ասաց Վարդանյանը:
Բնականաբար մի շարք հարցերի շուրջ քննարկումները, չնայած միակողմանի կարգով, բայց անցկացվեցին: Հանդիպման մասնակիցները նույնիսկ ընդգծեցին մի քանի կարևոր խնդիրներ և դրանց լուծման կոնկրետ առաջարկներ: Մասնավորապես, ոչ միայն ուսանողների և դասախոսների, այլև ղեկավարող կառույցների շրջանում մոտիվացիայի բացակայությունը, կատարողի հետ պատվիրատուի կապը կամ բիզնես-բուհ կապը, ինչպես նաև բուհերի վերականգնումը՝ որպես գիտատեխնիկական կենտրոններ: Անցկացված հանդիպումից հետո բոլոր առաջարկները կներկայացվեն կառավարության քննարկմանը:
Սակայն կրթության ոլորտի համար պատասխանատուների, որոշումներ ընդունող մարդկանց մասնակցությունը կդարձներ ֆորումն իրավամբ արդյունավետ և բովանդակալից, ինչը դրական կերպով կանդրադառնար իրենց վարկանիշի վրա և կամրապնդեր նրանց նկատմամբ վստահությունը:
Աղբյուրը` Telecom.Arka.am
Նյութի դիտումների քանակը` 233





